Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նիկոլ Փաշինյան. Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի հիմքով

Նիկոլ Փաշինյան. Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի հիմքով
26.11.2020 | 22:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ: Նաշնորհակալություն է հայտնել նրանց պատերազմի և հաջորդած օրերի ընթացքում կատարած լայնածավալ աշխատանքի համար:

«Այս ընթացքում մարզպետների աշխատանքն ամենածանրերից է եղել, հատկապես այն մարզերում, որոնք անմիջապես ռազմական գործողություններին սահմանակից են եղել: Գեղարքունիքի մարզը, Սյունիքի մարզը, նաև մյուս մարզպետները, որ նաև մարտական գործողությունների ժամանակ մեր Զինված ուժերին աջակցելու առաքելություն են իրականացրել: Մարզպետներից շատերը, եթե ոչ բոլորն առաջնագծում անցկացրել են բավականին երկար ժամանակ, ընդ որում՝ նրանց մի մասն ամենասուր ռազմական գործողությունների հատվածում: Բարձր եմ գնահատում դա և համոզված եմ նաև, որ այդ մարզերի բնակիչները նույնպես նկատել ու գնահատել են: Նաև մեր զինված ուժերը, բանակը նկատել և գնահատել են», - ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ պետք է սկսել ապագայի մասին խոսակցությունը, «թե ինչպես ենք պատրաստվում շարունակել ապրել և ինչ նպատակներ ու ապագա ենք պատրաստվում գծագրել, ուղենշել բոլորիս համար»: «Սա ամենակարևոր խոսակցությունն է, որ այսօր պետք է տեղի ունենա: Որովհետև, ինչպես կառավարության այսօրվա նիստում ասացի, իսկապես ժամանակները շատ ծանր են, առաջիկայում մեզ սպասվում են բավականին բարդ գործընթացներ և պրոցեսներ: Այսօր ունենք խնդիր՝ անհետ կորածների հայտնաբերման, մարմինների փոխանակման, գերեվարված մեր հայրենակիցների վերադարձման, բնակարաններից, տներից, օթևանից զրկված մեր հայրենակիցների կարիքները հոգալու առումով: Եվ դեռ ձեռք բերված համաձայնությունների ու պայմանավորվածությունների կատարումը, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, շատ ցավոտ են, բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, այլընտրանքը կարող էր լինել ավելի ծանր, ինչքան էլ տեղի ունեցածը խնդրահարույց է բոլորիս համար», - ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է որպես հանրություն, որպես պետություն կայացնել որոշում, թե մենք ինչ ենք ուզում. այս ծանր ժամանակներն ապրո՞ւմ ենք, վերապրո՞ւմ ենք, թե՞ չենք վերապրում:

«Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը միանշանակ է, որ մենք պետք է ապրենք, վերապրենք այս ծանր ժամանակները և կարողանանք հնարավորություն ստեղծել, որ մեր ժողովրդի ստեղծարար ներուժը՝ աշխատելու, ինքն իրեն դրսևորելու, բարիք ստեղծելու և այդ բարիքը մեր պետության ու ժողովրդի հետագա զարգացման հիմքում դնելու հնարավորություն ունենա: Այսօր ամենամեծ խնդիրը, որ մենք պիտի լուծենք, հետևյալն է՝ պետք է արտաքին ու ներքին անվտանգությունն ու կայունությունը կարողանանք ապահովել: Որովհետև սա, իսկապես այսօր կենսական կարիք է մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի համար: Եվ այս համատեքստում պետք է լինենք ամուր, պետք է լինենք վճռական, նաև՝ այդ պատասխանատվությունը կրելու և վերցնելու առումով: Անձամբ ինձ եմ համարում ստեղծված իրավիճակի պատասխանատուն և այդ պատասխանատվությունը չեմ պատրաստվում որևէ այլ մեկի ուսերին դնել: Բայց մյուս կողմից՝ այս իրավիճակում պետական կառավարման համակարգի գործունեությունը, կառավարելիության, կայունության լիարժեք ապահովումը չափազանց կարևոր և ռազմավարական խնդիր է: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզպետներին, որ այս ընթացքում այդ ծանր գործառույթը ստանձնել են, իրականացնում են և շարունակելու են իրականացնել», - նշել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ վատ նորություններն արդեն հայտարարված են, բայց միևնույն է, երբ իրագործվում են, երկրորդ էֆեկտն են ունենում: «Եվ մենք պետք է կարողանանք մեր ուսերին կրել այդ բեռը, ոչ թե նրա համար, որ դա հաճելի է մեզ, այլ որովհետև դրա այլընտրանքը կարող է լինել կործանարար, դրա այլընտրանքը կարող է լինել շատ ավելի ծանր, շատ ավելի բարդ և շատ ավելի ցավոտ: Մենք սա չենք կարող թույլ տալ: Այնպես, որ հույս ունեմ, որ բոլորս տրամադրվում ենք այսպես, որովհետև հակառակը կլինի փախուստ: Հակառակը կլինի ուղղակի փախուստ: Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ: Եվ պատրաստվում ենք լիարժեք կրել այս բեռը, բայց նաև հույս ունենալով, որ այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի որոշակի հիմքով, տեսլականով, ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացումներով», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով մարզերում ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրները, տարբեր ոլորտներում իրականացվող կապիտալ ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը:

Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ